Արտասահմանում ռազմական գործողությունների մասնակցելու համար Սերբիայի քաղաքացիների ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 5 տարի, իսկ մարտի վայրեր նրանց մեկնումը կազմակերպելու համար՝ մինչև 12 տարի: Այս մասին այսօր ազգային RTS հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի կառավարության ղեկավարի տեղակալ, առևտրի, տուրիզմի և հեռահաղորդակցության նախարար Ռասիմ Լյաիչը:
Նրա խոսքով՝ համապատասխան փոփոխությունները երկրի քրեական օրենսգրքում արդեն պատրաստվում են և շուտով հաստատման համար կուղարկվեն խորհրդարան:
«Պետությունն իրավունք ունի, որպես քրեական հանցագործություն, պատժելու այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցության համար: Գերմանիայում և Ֆրանսիայում արգելված է ռազմական և ռազմականացված կազմավորումներին միանալը: Այն, ինչ ուզում ենք անել մենք, տարածաշրջանում շատ երկրներ արդեն արել են»,- ասել է փոխվարչապետը:
Անցած շաբաթ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել երկիր վերադառնալ Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի և այլ երկրների տարածքում ռազմական գործողություններին մասնակցող քաղաքացիներին՝ դրա համար սպառնալով քրեական պատասխանատվությամբ: Վուչիչը խոստացել է, որ 1 ամսվա ընթացքում օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները կդրվեն երկրի խորհրդարանի քննարկմանը:










































