Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին կանչել է Գերմանիայի հատուկծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու վերաբերյալ սկանդալի կապակցությամբ պարզաբանումների համար, հայտնում է ITAR-TASS-ը: ԱԳՆ-ն հայտարարել է, որ «եթե դրա նույնիսկ նվազագույն ապացույցներ հայտնաբերվեն, Գերմանիային անհրաժեշտ կլինի բացատրվել ամբողջ լրջությամբ»:

«Այդպիսի բանը (գաղտնալսումը) բացարձակապես անընդունելի է բարեկամ և գործընկեր երկրներին հարաբերություններում, որոնց միջև պետք է փոխադարձ վստահություն և հարգանք լինի: Մենք սպասում ենք, որ եթե գերմանական մամուլում հայտնված տվյալները ճիշտ լինեն, Գերմանիայի իշխանությունները կբացատրվեն և անհապաղ կդադարեցնեն այդ աշխատանքը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքական կողմի այս ուղերձը նաև փոխանցվել է Գերմանիայի դեսպանին դիվանագիտությունում հանդիպման ժամանակ:
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության կողմից Թուրքիային հետևելու մասին տեղեկությունն օգոստոսի 16-ին հայտնվել է գերմանական Spiegel-ում: Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը դեռ 2009-ին ստացել է այն երկրների ցուցակը, որտեղ պետք է հետախուզական գործունեություն ծավալվեր: Ցուցակում նշվել է նաև Թուրքիան: Ի վերջո, գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հաղորդմամբ, Գերմանիայի կառավարական շրջանների ներկայացուցիչները հաստատել են, որ երկրի Դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսում է ՆԱՏՕ-ի գործընկերոջը՝ Թուրքիային:






































