Իսլամաբադի պատմական կենտրոնում նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանի գործող վարչապետ Նավազ Շարիֆի կաբինետը չի հայտարարել կամավոր հրաժարական տալու մասին՝ գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի և արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Պակիստան թեհրիք-ի-ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը:
«Այժմ ես մտադիր չեմ կառավարության հետ որևէ գործարքի գնալ»,- ընդգծել է նա:
Կտրուկ է արտահայտվել նաև «Պակիստան ավամի թեհրիք» կուսակցության առաջնորդ, աստվածաբան-բարեփոխիչ Թահիր Կադրին, որը Իմրան Խանի հետ զուգահեռ մայրաքաղաքում իր բողոքի ակցիան է կազմակերպել: Նա Նավազ Շարիֆի կառավարությանը 48 ժամ է տվել ինքնակամ հեռանալու համար, որից հետո, նրա խոսքերով, իշխող վերնախավի ճակատագիրը «կվճռի ժողովուրդը»: