Հետախուզական գործունություն վարելու նպատակակետերի ցուցակում, որը Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) 2009 թվականին ստացել է կառավարությունից, նշված է առնվազն մի երկիր, որը Գերմանիայի գործընկերն է ՆԱՏՕ-ի գծով։ Ինչպես իր էլեկտրոնային վարկածում հաղորդել է գերմանական Spiegel շաբաթաթերթը, այդ երկիրը Թուրքիան է։
Այդպիսի ցուցակներ պաշտոնական Բեռլինը կազմում է յուրաքանչյուր չորս տարին մեկ, սակայն վերջինը մինչ օրս չի թարմացվել մեկ տարի առաջ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումների հետևանքով ծավալված լրտեսական սկանդալի պատճառով։
Այլ խոսքով՝ Թուրքիան մինչև այսօր BND-ի կարևորագույն նպատակակետերից է։ Այդ կապակցությամբ Գերմանիայում հիշել են Սնոուդենի առաջին բացահայտումներից հետո Մերկելի ասած այն արտահայտությունը, թե գործընկերների կողմից մեկը մյուսին լրտեսելը անընդունելի է։ Խոսքերը հասցեագրված էին ամերիկյան կողմին, որի՝ Գերմանիայի տարածքում էլեկտրոնային լրտեսության մասշտաբները անցած ամառ դարձան հասարակության սեփականությունը։