ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քուրթ Ուոլքերն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է հարևան երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների թեման:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն այնքան թափ է հավաքել, որ նրան կանգնեցնել հնարավոր է միայն ռազմական ուժով:
«Եվրոպան որպես փաստ ընդունեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացումը: Ոչ ոք ոչինչ չի անում իրավիճակը փոխելու համար: Սա մեծ հիասթափություն է: Բացի դրանից՝ ժողովրդավարության և զարգացման տեսանկյունից տարածաշրջանում նահանջ է նկատվել»,- ասել է Ուոլքերը:
«Ռուսաստանը շատ արագ գրավեց Ղրիմը, սակայն Արևելյան Ուկրաինայում հիմնավորվել նրա համար ավելի դժվար է: Փորձելով մարդասիրական շարասյուն ուղարկել՝ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ Ուկրաինայի տարածքը հասանելի է իրեն: Ուկրաինական բանակը կամ պետք է կանխի փորձը, կամ շարասյան համար ճանապարհ բացի: Երկու դեպքում էլ Ռուսաստանն արձագանքման ծրագիր կունենա:
Տվյալ փուլում Ռուսաստանն այնքան թափ է հավաքել, որ նրան հնարավոր է կանգնեցնել միայն ռազմական ուժով: Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը պետք է ռազմական ուժով դիմակայի Ռուսաստանին: Ուկրաինան արդեն դա անում է, բայց մնացած Եվրոպան՝ ոչ»,- ասել է Ուոլքերը:









































