Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է, որ հայկական զինանոցում առկա հրթիռները կարող են ցանկացած կետ ոչնչացնել Ադրբեջանում, և ադրբեջանական ուժերը պաշտպանության միջոց չունեն:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Հարությունյանը մանրամասնել է, որ այս առումով իրավիճակը չի փոխվել անգամ վերջին շրջանում Բաքվի կողմից զինտեխնիկայի լայնածավալ ձեռքբերումներից հետո:
«Ինչ վերաբերում է մեր հրթիռային համակարգին, Ղարաբաղում 2012 թվականի զորահանդեսին այդ համակարգերը ցուցադրվել են: Դա հրթիռային համակարգ է, որը կարող է հասնել մինչև 300 կիլոմետրից հեռու գտնվող թիրախներին և ինքը ավելի հզոր է, և այդ համակարգն էլ ունենք: Չասեմ, թե դա ինչ վնաս կարող է հասցնել, կասեմ, որ Լև Ռոխլինի տպագրած գրքում հստակ նշված է, որ մասնագետները գնահատել են, թե ինչպիսին կարող են լինել այդ հրթիռների օգտագործման հետևանքները, և օրինակ, Ադրբեջանի դեպքում Բաքուն կարող է ոչնչացվել: Էլ չեմ ասում, եթե դա օգտագործվի Մինգեչաուրի ջրամբարի դեմ, որի հետևանքները ավելի լուրջ կլինեն: Խոսքը «Սկադ» հրթիռային համակարգերի մասին է», – ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «С-300 Ֆավորիտ» համակարգերին՝ Հարությունյանը նշել է․ – «Այո, դա լուրջ համակարգ է, բայց որպեսզի օգտագործվի որպես հակահրթիռային՝ բալիստիկ հրթիռային, պետք է ունենալ այլ հրթիռներ, որը Ռուսաստանը չի վաճառում որևէ մի պետության, որովհետև դա ընկնում է հակահրթիռային համակարգի արգելման մասին պայմանագրի տակ»:
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին երկու բան․ հայկական բանակն անհամեմատ մարտունակ է ադրբեջանականից, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարզ դարձավ, որ իրենց գնած զինտեխնիկան չի օգնում լուծել իրենց խնդիրները:
«Ադրբեջանական կողմը հասկացավ, որ այն զենքը, որ ձեռք է բերել, այն գործողությունները, որ իրենք պլանավորել են, իրենց նպատակին չեն հասել: Հայկական բանակը մարտունակ է, և իրենք ի վիճակի չեն լուծել իրենց առջև դրված խնդիրները, որովհետև որևէ մի հետախուզական-դիվերսիոն խումբ չի հասել իր նպատակին, էլ չեմ ասում իրենց կորուստների մասին», – ընդգծել է Հարությունյանը՝ շարունակելով, որ պատերազմի ընթացքում՝ 1990-ական թվականներին, Ադրբեջանում սխալմամբ կարծում էին, որ իրենք կհաղթեն, որովհետև ունեն նավթ և ավելի շատ զենք:
Ամբողջական զրույցը՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































