Իրաքցի տղամարդը The Guardian-ի հետ հարցազրույցում պատմել է Սինջար լեռից վտանգավոր փախուստի մասին. ուղևորություն, որը խլել է նրա մոր կյանքը:
Համադի խոսքով՝ իր ընտանիքը փախել է՝ ժամեր շարունակ մնալով առանց սննդի ու ջրի: Մայրը խնդրել է որդիներին հեռանալ՝ ասելով, որ ինքը վաղ թե ուշ մահանալու է, և պետք չէ, որ նրանք մնան իր մոտ: Նրանք հրաժարվել են մորը մենակ թողնել, սակայն ժամեր անց հյուծվածությունից կինը մահացել է: Համադի խոսքով՝ իր աչքերն այլևս չեն կարող տեսնել Սինջարը, որտեղ դրանք հարյուրավոր մարդկանց մահվան են ականատես եղել: Նա սրտի կսկիծով է հիշում, որ չի կարողացել հուղարկավորել մորն ու շարունակել է ճանապարհը:
Վերջին մի քանի օրերին Սինջարից հազարավոր եզդիներ են փախել՝ իրենց հետ տանելով վերապրելու ջանքերի մասին սոսկալի պատմություններ: Շատ ընտանիքներ ապաստան են գտել քրդական Դոհուկ քաղաքում:






































