«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկացի դիվանագետ, Բոսնիա Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մուսուլմանական աշխարհ հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչը:
-Պարոն դեսպան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում էականորեն լարվել է իրավիճակը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին: Հատկանշական է, որ լարվածության հերթական այս ալիքը սկսվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ տարածաշրջան կատարած այցից և Ալիևին ու Սարգսյանին ուղղված նրա հանդիպման հրավերից հետո: Մի իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը զբաղված են ուկրաինական ճգնաժամով, ինչպե՞ս բացատրել իրավիճակի լարումը ԼՂ հակամարտության գոտում:
-Իհարկե, ես այն դիրքում չեմ, որպեսզի դատեմ, թե հակամարտության որ կողմը սկսեց ողբերգական դիմակայության այս վերջին փուլը, որը հանգեցրեց և հայ, և ադրբեջանցի երիտասարդ զինվորների մահվան:Մի բան հստակ է՝ ընտանիքները սգում են իրենց որդիների, եղբայրների, ամուսինների կորուստը, նրանք ընկան, որովհետև արդեն մի քանի տասնամյակ և Երևանի, և Բաքվի ռեժիմները տապալում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ես կարող եմ ասել, որ ուկրաինական ճգնաժամի շփոթությունը և ուշադրության շեղումն այս ուղղությամբ դրդեց մարտական գործողությունների այս վերջին փուլին, բայց իմ համոզմամբ, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են պատասխանատու դրա համար:
-Թեև Դուք պնդում եք, որ պատասխանատվություն կրում են հակամարտող կողմերը, մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պնդում են, որ սա չէր կարող համաձայնեցված չլինել Ռուսաստանի հետ, քանի որ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ փուլում Ռուսաստանն էլ ավելի է նպատակամղված Հարավային Կովկասում իր իշխանությունն ու ազդեցությունը մեծացնելու, ապա նաև հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցում: Որքա՞ն եք գնահատում նման սցենարի հավանականությունը:
-Սա ամենևին էլ նոր չէ: Դա այդպես էր դեռևս 1993 թ., երբ ես առաջին անգամ ներգրավվեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը խաղաղ կարգավորելու ջանքերում: Դա այդպես է նաև այսօր: Ցանկացած բան, ինչը ես կասեմ Մոսկվայի նպատակների ու մոտիվացիայի շուրջ, մաքուր շահարկում կլինի: Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա զինված հակամարտությունը ոչ Ռուսաստանին և ոչ էլ որևէ մեկին ձեռնտու չէ:
-Ամեն դեպքում, Դուք ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
-Ռուսաստանն օգտագործում է ազդեցության բոլոր գործիքները՝ սպառազինության վաճառք, տնտեսական ու էներգետիկ հարաբերություններ, Ռուսաստանում ադրբեջանական և հայկական սփյուռքերի մանիպուլյացիա, Արևմուտքի և ԱՄՆ-ի վերաբերյալ ապատեղեկատվական արշավներ, և այս ամենը՝ տարածաշրջանում ազդեցության շարունակման և ընդլայնման նպատակով:
-Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է, որ վերջին շրջանում առավել ջերմացած ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերություններն իրավիճակը դուրս բերեն վերահսկողությունից՝ ուղղորդելով այդ ամենը խնդիրը պատերազմական միջոցներով լուծելու տարբերակին: Սա անհնագստացնող չէ՞:
-Ես տեղյակ չեմ, թե ինչ նոր իրողություններ կան ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերություններում:
– Ի՞նչ կարող է անել ընդհանրապես Արևմուտքը Հարավային Կովկասում ու, մասնավորապես, թույլ չտալու համար առանձին խաղացողների միայնակ կառավարել հակամարտությունը, որովհետև տպավորություն կա, որ հենց այս հարցում է ձախողում Արևմուտքը:
-Տարօրինակ է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը, տարբեր ճանապարհներովմեջքով են շրջվել Արևմուտքի՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առավել ջերմ հարաբերություններին: Երևանը որոշեց միանալ Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանը մերժեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բաքուն միևնույն ժամանակ ինտենսիվացրեց իր հակաամերիկյան հռետորաբանությունը: Սկսելով մարտական գործողությունների վերջին ակտիվ փուլը՝ և Երևանը, և Բաքուն աղերսում են Արևմուտքին, միջազգային հանրությանը, Մինսկի խմբին միջամտել՝ միևնույն ժամանակ նրանց մեղադրելով դանդաղ գործելու մեջ: Սա նման է այն բանին, երբ ինչ-որ մեկը լուցկի է վառում, կրակ է հրահրում, ապա մեղադրում է այլոց կրակը չմարելու մեջ: Ես մեծապես մտահոգված եմ Բաքվի ու Երևանի անխոհեմ պահվածքով, որը ձևավորել է այս իրավիճակը։ Մոսկվան ինձ ավելի քիչ է մտահոգում: Դեսպան Ուորլիքը որքան հնարավոր է հստակ էր այն հարցում, թե հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ճանապարհն ինչպիսին է: Ձեր՝ Հայաստանի ու Ադրբեջանի պատասխանն էր զինված հակամարտությունը, որն ուղղորդում է դեպի պատերազմ:









































