ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Թուրքիայի պաշտպանության համար, եթե այդ պետությանը սպառնան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, որոնք հսկողության տակ են առել Սիրիայի և Իրաքի տարածքների մի մասը, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։
«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք այսպես կոչված՝ «Իսլամական պետության»՝ ահաբեկիչների խառնամբոխի գործողություններով և համարում ենք, որ չափազանց կարևոր է կանգնեցնել նրանց»,- ընդգծել է Ռասմուսենը գործակալության հետ հարցազրույցում։
«Եթե մեր դաշնակիցներից որևէ մեկը , տվյալ դեպքում՝ հատկապես Թուրքիան, վտանգի ենթարկվի, մենք առանց հապաղելու կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Թուրքիայի կամ մեկ ուրիշ դաշնակցի արդյունավետ պաշտպանությունը»,- նշել է նա։










































