Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր հերթական անգամ՝ արդեն 10 տոկոս իջեցված գնով հանվել է աճուրդի: Աճուրդը կշարունակվի մինչև այսօր աշխատանքային օրվա ավարտը, սակայն այս պահի դրությամբ դեռևս որևէ առաջարկ չի արվել, և որևէ գնորդ չի հայտնվել:
«Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի կարծիքով՝ եթե այս անգամ էլ գնորդ չհայտնվի, ապա արդեն հերթական աճուրդի ժամանակ կրկին 10 տոկոս իջեցված գնով կներկայացվի աճուրդի, ու այդպես շարունակ:
Փաստաբանն անհավանական է համարում վարկածը, թե հնարավոր է համալիրը մաս առ մաս վաճառել, եթե ընդհանուր շենքի համար գնորդ չհայտնվի: «Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի: Առավել հավանական է, որ ամեն անգամ գինը 10 տոկոս իջեցնելով հասնեն նրան, որ գնորդ հայտնվի»,- ասաց Հակոբյանը:
Նշենք, որ համալիրի ղեկավարությունը դատարանում վիճարկել էր նաև ԴԱՀԿ վերջին գործողությունները, երբ նրանք առանց նախապես ծանուցելու մուտք էին գործել համալիր, գույքագրում իրականացրել և կնքել բոլոր դռները: Փաստաբանն ասաց, որ իրենք դեռ տեղյակ չեն՝ դատարանը հայցը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ, բայց մինչ օրս էլ իրենց արգելում են մուտք գործել համալիրի տարածք:
«Այստեղ ԴԱՀԿ-ի, Ռազմական ոստիկանության կողմից հսկողություն է իրականացվում: Արգելափակոց է տեղադրված, և ոչ ոքի թույլ չեն տալիս տարածք մտնել՝ այն դեպքում, երբ պայմանագիր կա, որով այդ տարածքը համարվում է հասարակական վայր, մարդիկ կարող են իրենց մեքենայով գալ, հեծանիվ քշել, հանգստանալ, ինչն այսօր փաստացի արգելվում է»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ համալիրն աճուրդի է հանվում 6-րդ անգամ: Առաջին անգամ մայիս ամսին շենքը աճուրդի էր հանվել 19 միլիարդ 350 հազար դրամ մեկնարկային գնով, իսկ այսօրվա մեկնարկային գինն արդեն 11 միլիարդ է:
Նշենք նաև, որ ընկերության պարտքը կազմում է 10 միլիարդ 200 միլիոն դրամ:









































