Սպիտակ տան նախկին մամլո քարտուղար Ջեյմս Բրեյդիի մահը բռնի է եղել: Նման եզրակացության են եկել ամերիկյան դատական բժիշկները՝ հաղորդում է BBC-ն: Բրեյդին մահացել է երկուշաբթի 73 տարեկան հասակում: Նա տուժել էր 1981թ. Ռոնալդ Ռեյգանի դեմ իրականացրած մահափորձի ժամանակ: Այդ ժամանակվանից նա մասամբ կաթվածահար է եղել և կյանքի մնացած մասն անցկացրել է հաշմանդամի սայլակին գամված:
Ինչպես պարզել են դատական բժիշկները՝ Բրեյդիի մահը նախագահի դեմ իրականացված մահափորձի ժամանակ ստացած վնասվածքների հետևանք է եղել: Այդ կերպ, նախագահի դեմ մահափորձ իրականացրած Ջոն Հինքլի-կրտսերի դեմ կարող է սպանության մեղադրանք առաջադրվել:
Ջեյմս Բրեյդին եղել է զենքի վաճառքի վերահսկման կողմնակիցներից մեկը: Դաշնային օրենքը, որը պահանջում է զենքի գնորդի անձի հաստատում, կրում է նրա անունը՝ հաղորդում է Ինտերֆաքսը:
Նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձն իրականացվել է 1981թ. մարտի 30-ին Վաշինգտոնում: Ռեյգանը վիրավորվել, հետո վիրահատության էր ենթարկվել: Մամլո-քարտուղար Բրեյդին հրազենային վնասվածք էր ստացել, որից հետո ողջ կյանքը անցկացրեց հաշմանդամի սայլակի վրա:









































