«Մեր ԱԳՆ-ի անելիքը ոչ միայն այսօր է: ԱԳՆ-ն յուրաքանչյուր մեծ կամ փոքր իրավիճակին հենց սկզբից արձագանքելու մի քանի ձևեր ունի: Օրինակ՝ հենց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասով: Ինչքա՞ն պետք է ձգվեր, որ Սերժ Սարգսյանն Արգենտինայում ցավ հայտներ:
Առաջին փամփուշտն արձակվելուց հետո ԱԳՆ-ն պետք է արձագանքեր, որ չի կարելի կոնֆլիկտային գոտի զենք վաճառել և դրանով լարվածությունը սրել: Լարվածությունից հետո էլ մեր ԱԳՆ-ն պետք է աներ այն, ինչ արեց Ադրբեջանի ԱԳՆ-ն. դեռ զոհ չունեցած՝ նա դիմեց միջազգային բոլոր կառույցներին, ՄԱԿ-ին՝ Հայաստանին ագրեսոր ճանաչելու և պատժելու պահանջով: Իսկ ի՞նչ է անում մեր ԱԳՆ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ բացթողումներ ունեն այսօրվա իշխանությունները արտաքին քաղաքական մասով:
Իգիթյանը մեր ԱԳՆ-ի լռությունը բացատրում է նրանով, որ պարզապես մարդիկ իրենց տեղում չեն կամ այլ խնդիրներ են լուծում: «Պարզապես ԱԳՆ-ն հրահանգով է աշխատում»,- նկատեց Իգիթյանը:
Վերջինս համաձայն չէ պաշտպանության նախարարի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտությունը չկա: «Ես զարմանում եմ, որ ասում են, թե ՀԱՊԿ-ի դերն այստեղ չկա: Բոլոր դեպքերում՝ եթե նայենք համաձայնագիրը, այնտեղ նշված է, որ ագրեսիայի, վտանգի դեպքում կողմերը պետք է հավաքվեն և գնահատեն վտանգի չափը: Պատերազմը սկսելուց հետո ՀԱՊԿ-ի դերն ավելի դժվար կլինի: Եվ հետո՝ թեկուզ այս փոքր իրավիճակներում պետք է փորձարկել՝ ՀԱՊԿ-ը երաշխի՞ք է, թե՞ ոչ»,- ասաց Իգիթյանը:
Նրա խոսքով՝ այս լարվածության ֆոնին Սոչիի հանդիպումից առավել սպասելիքներ չպետք է ունենալ: Պարզապես Ռուսաստանը, որը դեմ է դուրս եկել աշխարհին, ուզում է ցույց տալ, որ ինքը կարող է նաև խաղաղարարի դերով հանդես գալ և հարցեր լուծել:
«Ամեն դեպքում՝ եթե այդ հանդիպումից հետո Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպվի, կրակոցները դադարեն, լինի այն նույն իրավիճակը, ինչ, ասենք, 3 ամիս առաջ, ապա դա դրական է: Իսկ թե Ռուսաստանն ինչ պետք է ասի Հայաստանին՝ ես առանձնապես որևէ պոզիտիվ բան չեմ սպասում: Որովհետև ամեն անգամ, երբ Ռուսաստանը Հայաստանից ինչ-որ բան է պահանջում, ապա դա միշտ հակասում է Հայաստանի շահերին»,- եզրափակեց Իգիթյանը:










































