Իսպանիան Գազայի հատվածում ռազմական գործողության կապակցությամբ սառեցրել է Իսրայելին զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը: Այս մասին հայտնում է Pais թերթը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին:
Որոշումն ընդունել է Պաշտպանական և երկակի նշանակության ռազմական տեխնիկայի արտաքին առևտրի հարցերով միջգերատեսչական խորհուրդը, որի նիստին մասնակցել են նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի, պաշտպանության, ֆինանսների նախարարները:
Անցած տարի Իսպանիան 4,9 մլն եվրոյի զենք ու ռազմական տեխնիկա է փոխադրել Իսրայել: Մատակարարումը սառեցվել է անորոշ ժամանակով, չնայած բացառված չէ, որ սեպտեմբերին Խորհրդի հաջորդ նիստի ժամանակ որոշումը կարող է վերանայվել՝ հայտնում է թերթը:









































