Ազգայնականները դատապարտում են Եվրասիական ինտեգրման գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայազն» միության ներկայացուցիչներ Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և բլոգեր Արմեն Հովհաննիսյանը խոսեցին «ՀՀԿ-ի մասնակցությունը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին. ազգայնականների պատասխանը ՀՀԿ-ին» թեմայի շուրջ:
«Հայազն» միության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն ասաց, որ մեծ ցավով են տեղեկացել, որ ՀՀԿ-ն դավաճանեց Աշոտ Նավասարդյանի սկբունքները՝ համաձայնելով մասնակցել Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին: Ըստ նրա՝ կարևոր խախտված սկզբունքն այն է, որ Եվրասիական միության են ցանկանում անդամագրել նաև Ալիևի «Ենիազերբայջան» կուսակցությանը, որը պետք է մասնակցի համաժողովին: «Որևէ քաղաքական ուժի հետ միևնույն համաձայնագրի տակ ստորագրություն դնելը հավասարազոր է այդ ուժի կողմից հնչեցված կարծիքն ընդունելուն: Այդ ուժը Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացրած և ադրբեջանական բռնապետական ռեժիմի քաղաքական կառույցն է»,- իր տեսակետը պարզաբանեց Արմեն Մկրտչյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում բլոգեր Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջան պետությունը նացիստական ցեղապաշտական գոյացություն է, որտեղ հայկական ծագում ունենալը համարվում է հանցագործություն, հային սպասնելը՝ հերոսություն: «Ադրբեջանը մեկ դոմինանտ «Ենիադրբեջան» կուսակցությունով պետություն է: Ուստի միավորման մեջ մտնելը ոչ մի պատիվ որևէ քաղաքական ուժի չի բերում: Իսկ ո՞վ է հարցրել քաղաքացուն՝ որքանո՞վ է դա համապատասխանում իր շահերին: Ի՞նչ է եվրասիականությունը, երբևէ մեզ մոտ քննարկվե՞լ է: Ինչո՞ւ Հայաստանում չկա մի կենտրոն, որը հանդես կգա ինքնիշխանության դիրքերից: Ինչո՞ւ են մեզ ուզում մտցնել ինչ-որ միությունների մեջ: Ուզում են այնպես անել, որ մեր ճակատագիրը որոշենք ոչ թե մենք, այլ որոշեն ուրիշ տեղերում: Սա շատ վտանգավոր է»,- մտահոգություն հայտնեց Արմեն Հովհաննիսյանը: «Հայազն» միության ներկայացուցիչ Արմեն Աղայանը նկատեց, որ ցանկացած միությանն անդամագրվելը դատապարտելի քայլ է: Ըստ նրա՝ և՛ ԵՄ անդամագրվելը, և՛ Եվրասիական միության հեռանկարը ոչինչ չեն խոստանում, ավելին՝ դա տխուր հեռանկար է: «Հայաստանը պետք է լինի բացարձակ անկախ պետություն՝ չմիավորված»,- ընդգծեց բանախոսը:









































