Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում տեղի ունեցած նավավթարը, որի հետևանքով մեծ քանակությամբ նավթ է թափվել օվկիանոս, իսկական էկոլոգիական աղետ է սպառնում: Այս մասին այսօր գրում է The New York Times օրաթերթի կայքը:
Մալթայի դրոշի տակ նավարկող լցանավը վթարի է ենթարկվել Մեծ Բրիտանիային պատկանող Նայթինգեյլ կղզու մոտ` մարտի 16-ին: Նավի ամբողջ անձնակազմին` 22 անդամ, հաջողվել է փրկել, սակայն մոտ 5 հազար բարել նավթ (մոտ 800 տոննա) թափվել է օվկաինոս: Հայտնի է, որ նավը կիսվել է մեջտեղից:
Բնապահպանները նշում են, որ այս շրջանում է բնակվում պինգվինների մի եզակի տեսակ, որի 20 հազարանոց պոպուլյացիան գտնվում է վերացման եզրին:
Բացի այդ, բնապահպանները վախենում են, որ եթե նավի վրա գտնվող կրծողներին հաջողվի հասնել մինչև Տրիստան դա Կունյա արշիպելագի կղզիներ, ապա այստեղ կարող է ամբողջությամբ փոխվել էկոհամակարգը, քանի որ այդ տարածքներում կրծողներ ընդհանրապես չկան: