Չինաստանի Կոմկուսի նոր ղեկավարությունը որոշել է զգալիորեն կրճատել արարողակարգի բյուջեն ու հրաժարվել կարմիր գորգերից, ծաղիկները ձեռքին` երեխաներից, իրենց ուղևորությունների մասին պատմող երկարատև հեռուստառեպորտաժներից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին, որոնք ամփոփում են Պեկինում կայացած Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի արդյունքները:
Համաձայն ընդունված որոշման՝ այսուհետև երկրով ճամփորդելիս չինացի ղեկավարները չպետք է հույս ունենան շքեղ ընդունելության, մասնավորապես՝ կարմիր գորգ ինքնաթիռի մոտ, լոզունգներով պաստառներ ու ընթրիքներ:
«Նիստերը չպետք է լինեն շատ երկար, իսկ դատարկ խոսակցությունները պետք է բացառվեն»,- քաղբյուրոյի որոշումը մեջբերում է «Շանայ Դեյլին»:
Նիստը նախագահել է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը: Մասնակիցները որոշում են ընդունել կրճատել ծախսերը նաև երկրում ու արտերկրում ուղևորությունների համար: Կնվազի նաև արտասահմանյան ուղևորություններ կատարող չինական պատվիրակությունների անդամների թիվը:







































