Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի նախագահ Ասեֆ Ալի Զարդարին դեկտեմբերի 7-ին ժամանելու է Իրան: Նրան ուղեկցելու են Պակիստանի նավթարդյունաբերության նախարար Ասեմ Հոսեինը և մի խումբ լրագրողներ:
Զարդարիի իրանական այցը տևելու է 4 ժամ: Պլանավորված է, որ այդ ժամանակահատվածում Զարդարին հանդիպելու է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Այցի նպատակը իրանա-պակիստանյան գազատարի պակիստանյան հատվածի կառուցման մեջ իրանական ներդրումների մասին հուշագրի ստորագրումն է: Ավելի վաղ ենթադրվում էր այդ հուշագրի ստորագրումն իրականացնել Ահմադինեժադի պակիստանյան այցի ընթացքում, սակայն հուշագրի պատրաստ չլինելու պատճառով դա հետաձգվել էր դեկտեմբերի 7-ին:







































