Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Բեսիկ Պիպիան հայտարարել է, որ, ներկայիս դրությամբ, Վրաստանի բանտերում պահվում է Ռուսաստանի 56 քաղաքացի, որոնցից 10-ը կանայք են:
Պիպիան ընդգծել է, որ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով՝ վրացական բանտերում պահվող Ռուսաստանի քաղաքացիներից նվազագույնը 6-ը քաղբանտարկյալներ են: Ներկայումս Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է ազատ արձակել բանտերում պահվող քաղբանտարկյալներին: Համապատասխան օրենքը պատրաստում է Վրաստանի խորհրդարանը:
Վերջինս այսօր հաստատելու է քաղբանտարկյալների ու քաղաքական հալածյալների ցուցակը, որպեսզի նրանք հայտնվեն համաներման տակ: Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն արդեն իսկ 186 մարդու որակել է որպես քաղբանտարկյալ, իսկ ևս 22 մարդու՝ քաղաքական հալածյալ:











































