Մարտի 11-ի երկրաշարժն ու հաջորդած ցունամին լուրջ հարված են հասցրել նաև երկրի ծխախոտի արտադրությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով համաշխարհային համբավ ունեցող Japan Tobacco ընկերությանը:
Տեղեկացնենք, որ Japan Tobacco-ն աշխարհում արտադրական ծավալներով երրորդ երկիրն է: Նրան են պատկանում այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Winston-ը, Mild Seven-ը, Camel-ը և Benson & Hedges-ը: Այս ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի 120 երկրներում, իսկ անցած ֆինանսական տարվա տվյալներով` Japan Tobacco-ի վաճառքները կազմել են 21.3 մլրդ դոլար:
Ինչպես հաղորդում է ընկերությունը, Japan Tobacco-ի մի շարք բաշխման կենտրոններ տուժել են երկրաշարժից և ցունամիից, ինչի հետևանքով Ճապոնիայի խանութներում առաջացել է ծխախոտի դեֆիցիտ:
Տեղեկացնենք նաև, որ Ճապոնիայում շատ տարածված է ծխախոտի օգտագործումը. տղամարդկանց մոտ 40%-ը և կանանց մոտ 12%-ը տառապում են այս վնասակար սովորությունից:
Ընդ որում, ի տարբերություն արևմտյան շատ երկրների, Ճապոնիայում թույլատրված է ծխել ռեստորաններում, բարերում և ընկերությունների գրասենյակներում: