Արգենտինայի Ռոսարիո քաղաքում դատավորը ամուսնալուծության հայտ ներկայացրած զույգին պարտադրել է դատարան գնալ իրենց երեխաների հետ և միասին կարդալ Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը», ինչպես նաև այլ գրականություն էթիկայի և բարոյականության մասին: Այս մասին հայտնում է Agencia Diarios y Noticias պարբերականը:
Դատավորի կարծիքով՝ միմյանց հետ շփվելուց կտրականապես հրաժարվող ամուսինների վեճի հետևանքով տուժում են նրանց 13 և 6 տարեկան երեխաները: Դատավորի կարծիքով՝ նման վարքը «խանգարում է եղբայրների շփմանն ու վեճի կողմերի անձնական շահերը բարձր դասում երեխաների շահերից»:
Դատավորը վճռել է, որ 1 ամիս ծնողները պետք է շաբաթը 1 անգամ գնան դատարան և հատուկ աշխատակցի հսկողությամբ 1 ժամ կարդան «Փոքրիկ իշխանը», «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիաներ» և իսպանացի փիլիսոփա ֆեռնանդո Սավատերայի «Էթիկա Ամադորի համար» գիրքը: Այդպիսով, կարծում է դատավորը, հայրն ու մայրը «կկարողանան ավելի լավ հասկանալ իրենց երեխաներին ու նրանց մեջ տեսնել անհատներ, ինչը նվազագույն անհրաժեշտ պայման է նրանց դաստիարակության և կրթության համար»,- հայտնում է Ria Novosti-ն:
Եթե ծնողներից մեկը կամավոր չկատարի դատարանի որոշումը, դատավորը կարող է նրանց գիրք կարդալու վայր տանել իրավապահների ուժով, նշված է վճռում:













































