Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վեցերորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդը ռինգ դուրս եկավ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը: Քառորդ եզրափակիչում Հարությունովն իր ուժերը չափեց անգլիացի բռնցքամարտիկ Սթիդ Բարնբի Վուդալի հետ: Նիկոլը մենամարտեց կապույտ անկյունից:
Մենամարտի սկզբից Հարությունովը տիրեց նախաձեռնությանը, սակայն հարձակվողական գործողություններից զատ ուշադիր էր նաև պաշտպանվելիս: Արդյունքում` մեր բռնցքամարտիկի 3 արդյունավետ հարվածներին անգլիացին պատասխանեց մեկ անգամ:
Երկրորդ ռաունդում նույնպես Հարությունովը շարունակեց գրոհել: Վուդալը նույնպես ակտիվացել էր և ցանկանում էր կրճատել առաջին ռաունդից հետո առաջացած միավորների տարբերությունը, սակայն Նիկոլի հարվածները մեկը մյուսի ետևից հասնում էին նպատակին. 5:3:
Վերջին ռաունը նույնպես ավարտվեց մեր մարզիկի առավելությամբ, ով մենամարտի վերջնամասում ևս աչալուրջ էր և չէր պատրաստվում բաց թողնել ձեռք բերած առավելությունը: Երրորդ ռաունդն ավարտվեց 4:3 հաշվով:
Այսպիսով` Նիկոլ Հարությունով – Սթիդ Բարնբի Վուդալ` 12:7: