Միլիարդատեր Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիաընկերությունը, որը iPad պլանշետների համար հրատարակում է The Daily էկսքլյուզիվ թվային թերթը, որոշել է փակել նախագիծը: Տաբլոիդը կդադարի թողարկվել դեկտեմբերի 15-ին: Ինչպես ասվում է մամլո հաղորդագրությունում,The Daily բրենդը կշարունակի գոյությունը, սակայն կդառնա այլ մեդիաալիքների մաս: Այս մասին գրում է Vesti-ն: Տեխնոլոգիաներին նվիրված բաժինը և թերթի աշխատակիցների մի մասը աշխատանքի կտեղափոխվեն The New York Post:
Հայտարարությունում մեջբերվում են նաև Մերդոկի խոսքերը: Նա The Daily-ն «համարձակ փորձություն» և «ինովացիայի զարմանալի շարժիչ» է անվանել: «Ցավոք սրտի, մենք չկարողացանք բավականին արագ մեծ լսարան գտնել, որը կկարողանար մեզ համոզել նրանում, որ այդ բիզնես-մոդելը կայուն է երկարաժամկետ հեռանկարում»,- խոստովանել է մեդիամագնատը:
The Daily-ն մեկնարկել էր 2011-ի փետրվարի 3-ին: Այն իրենից ներկայացնում էր ինտերնետ լրատվական կայքի, փայլերես ամսագրի և լուրերի հեռուստատեսային թողարկման միախառնուրդ: iPad-ի համար մեկ թողարկման արժեքը կազմում էր 14 ցենտ, իսկ տարեկան բաժանորդագրությունը՝ 40 դոլար:
Նախագծի փակումը կապված է անեկամտաբերության հետ:










































