Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդական դիվանագիտության և հանրային գործերի երկրորդ տեղակալ Բեյ Ֆենգը: Նրա այցը տարածաշրջանային է՝ Վրաստան, հետո Հայաստան, այնուհետև Ադրբեջան: Սա հասարակական իրավիճակի հանդեպ առանձնակի ուշադրության, հասարակական զարգացումների կարևորության դրսևորում է, որ Արևմուտքը վերջին շրջանում հաճախ է ցուցաբերում:
Օրինակ` օրերս Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ևս հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` ընդգծելով նրանց դերը երկրի զարգացման գործում:
Սա ռացիոնալ մոտեցում է, որը չէր կարող չլինել, որքան էլ Արևմուտքը՝ ԱՄՆ կառավարությունը կամ Եվրաղեկավարությունը ողջունեն Հայաստանի իշխանությանը և քաջալերեն բարեփոխումների կուրսը: Ի վերջո, քաղաքացիական հասարակությունն այն երաշխիքն է, որ կարող է և պետք է լինի բարեփոխումների կուրսի անշրջելիության և արդյունավետության համար:
Ինչքան էլ քաղաքական ղեկավարությունը հավատարիմ լինի բարեփոխումներին, եվրաարժեքներին, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության և երաշխավորման սկզբունքներին, միևնույն է` այդ ամենի հանդեպ քաղաքացիական վերահսկողության խնդիրը առաջնային է: Առավել ևս Հայաստանի պարագայում, երբ իշխանության այդ մղումները ոչ միայն հարաբերական են՝ մեղմ ասած, այլ նաև խիստ կասկածելի:
Բանն այն է, որ այդ մղումները առայժմ արտահայտվում են միայն կամ առավելապես թղթի վրա, իսկ իրական կյանքում բարեփոխումները ընթանում են չափազանց դանդաղ և հիմնականում կրում են կոսմետիկ բնույթ: Այստեղ առաջանում է քաղաքացիական երաշխիքի խիստ անհրաժեշտություն, ինչն էլ թելադրում է նաև արևմտյան կառույցների, արևմտյան գործընկեր և աջակից կառավարությունների արձագանքը: Եթե նրանք աջակցում են, այդ թվում` նաև ֆինանսապես, ուրեմն պետք է նաև հոգ տանեն իրենց տրամադրած օժանդակության արդյունավետ գործածման երաշխիքների մասին:
Քաղաքացիական հասարակությունն այստեղ անփոխարինելի է: Այն անփոխարինելի է նաև մեկ այլ առումով, ընդ որում` շատ կարևոր: Բանն այն է, որ Հայաստանում քաղաքացիական պլատֆորմը ներկայումս քաղաքական բոլոր ուժերից շատ ավելի առաջ է, և հասունացել է արդեն պահը, երբ քաղաքացիականությունը պետք է վերածվի լուրջ քաղաքական գործոնի: Եվ այդ պահին Հայաստանի գործընկեր կառավարություններն ու միջազգային կառույցները քաղաքացիական հանրույթին իրավունք չունեն առավել պակաս ուշադրություն դարձնելու, քան դարձնում են իշխող կամ ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժերին:
Ավելին` քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրույթի միջև ներկայումս գոյանում է մի անջրպետ, որը տարբեր օրակարգերի հետևանք է: Քաղաքական դաշտը սկսել է սպասարկել բացարձակապես իր կորպորատիվ քաղաքական շահերը, իսկ քաղաքացիական շահը մնացել է դրանից դուրս, այսինքն` դուրս է ընկել քաղաքական օրակարգից:
Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական օրակարգն արդեն իսկ ինքնին պոտենցիալ քաղաքական հարթություն է, որին պետք է ուշադրություն դարձնել հավասարաչափ, եթե ոչ ավելի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ հանրույթը համաշխարհային հասարակական-քաղաքական զարգացումներին ներկայումս ամենաադեկվատն է, ամենաքիչ անգաժավորվածն է քաղաքական կամ այլ հարթակներից ու նաև ունի մեկ այլ առանձնահատկություն՝ ամենաերիտասարդն է իր կազմով:





































