Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Տոմբ կղզիները հանդիսացել և հանդիսանում են Իրանի տարածքի անքակտելի մասը.
«ԱՄԷ-ի կողմից այդ կղզիների նկատմամբ անհիմն հավակնությունների ու մեղադրանքների ներկայացումը չի ազդի գոյություն ունեցող իրական դրության վրա: Այդօրինակ սադրիչ պահանջների առաջքաշումը չի նպաստում կողմերի փոխադարձ հարաբերությունների ու շահերի զարգացմանը:
Հուսով ենք, որ ԱՄԷ-ի կառավարությունը ուշադրություն կդարձնի տարածաշրջանի ժողովուրդների շահերին ու անվտանգությանը և վտանգի տակ չի դնի Մերձավոր Արևելքի երկրների կայունությունն ու բարօրությունը:
Իրանի կառավարությունը հավատարիմ է Պարսից ծոցի հարևան երկրների, այդ թվում՝ նաև ԱՄԷ-ի հետ համագործակցության իրականացմանը՝ ելնելով բարի կամքի դրսևորման, փոխադարձ հարգանքի, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներից»:







































