Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան և ՆԱՏՕ-ն ճգնաժամ են ապրում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման հարցում: Խոսքը Սիրիային սահմանակից Թուրքիայի շրջաններում տեղակայվելիք Patriot համակարգերի թվաքանակի մասին է:
Նշվում է, որ թուրքական կողմը պահանջում է Patriot համակարգեր տեղակայել իր միանգամից 10 նահանգներում՝ Ադանայում (ուր գտնվում է Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազան), Մալաթիայում (ուր գտնվում է Քյուրեջիքի ՆԱՏՕ-ի ռադարը), Գազիանթեփում, Քահրամանմարաշում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Բաթմանում, Սիիրթում, Էլազըղում, Հաթայում:
Սակայն ՆԱՏՕ-ն դեմ է այդչափ մարտկոցներ Թուրքիայի տարածքում տեղակայելուն։ Ինչ վերաբերում է մասնավորապես ԱՄՆ-ին, նա կարծում է, թե դրա կարիքն ընդհանրապես չկա, քանի որ Սիրիան ավելի շատ սպառնում է Իսրայելին, քան Թուրքիային: ՆԱՏՕ-ում կարծում են, որ այս փուլում բավական է Թուրքիայում Patriot-ի 3-4 մարտկոցի տեղակայումը, որոնցից 2-ը հատկացնելու է Գերմանիան, իսկ 1-2-ը՝ Նիդերլանդները:
Սակայն Թուրքիան չի նահանջում իր դիրքորոշումից, և դեռ հայտնի չէ, թե ինչպիսի լուծում կստանա այս հարցը:








































