1738թ. այս օրը Կ.Պոլսում ծնվեց պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանը:
Չամչյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, սովորել Սբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762-ից Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր: 1776–1789թթ. վարել է Սբ Ղազարի, 1789–1791-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823թթ՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:
Չամչյանը 1779թ. հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–1859թթ. վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:
Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) աշխատությունը: Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից:
Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:
Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և այլք:









































