Թեև ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որևէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որևէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես ևս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել և´ Ս. Սարգսյանին, և´ Ռ. Քոչարյանին, և´ Լ. Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ:









































