Սիրիան իր սեփական քաղաքացիների հանդեպ երբեք քիմիական զենք չի օգտագործի։ Այս մասին, ըստ RIA Novosti–ի, այսօր հայտարարել է երկրի ԱԳՆ-ը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն խոսքերի, թե Սիրիայի այդ քայլը պետք է կանխել:
ԱՄՆ Պետդեպի ղեկավարը, ով այցով գտնվում է Պրահայում, ավելի վաղ հայտարարել էր, թե Ասադի ռեժիմի կողմից քիմիակայն զենքի կիրառումն «ԱՄՆ-ի համար կդառնա յուրօրինակ կարմիր գիծ»:
Օգոստոսի վերջին այս հարցի շուրջ նման մեկնաբանությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Որոշ ԶԼՄ-ներ այդ խոսքերը գնահատել էին որպես Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատրաստակամություն, սակայն հաջորդ օրը Սպիտակ տունը հերքեց այն ու խնդրեց նախագահի խոսքերը «չափազանց ազատորեն չմեկնաբանել»:
«Ի պատասխան ամերիկացի պետքարտուղարի հայտարարության, որը Սիրիային նախազգուշացնում է քիմիական զենքի չկիրառել, Սիրիան կրկին ընդգծում է, որ անգամ նման տեսակի զենք ունենալու պարագայում ոչ մի հանգամանքում դա չի օգտագործի իր ժողովրդի դեմ»,- Reuters գործակալությունը մեջբերում է Սիրիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը, որը տարածվել է պետական հեռուստատեսությամբ:










































