Microsoft-ի նախկին թոփ-մենեջեր Ջեյմեն Շայվլին որոշել է մարիխուանայի աճեցման և վաճառքի սեփական բիզնես սկսել: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքին կից գործող KIRO-TV-ն:
Հաջորդ տարվա ընթացքում Շայվլին պատրաստվում է ուսումնասիրել մարիխուանայի շուկան և վաճառքի համակարգ մշակել: Շայվլին ցանկանում է իր բիզնեսն անվանակոչել իր նախապապի՝ Դիեգի Պելիսիեի անունով, որը 19-րդ դարի վերջին տեղի խոշորագույն մարիխուանա արտադրողներից էր: «Մարիխուանան… իմ արյան մեջ է»,- կատակել է Շայվլին:
Գործարարը նշել է, որ իր արտադրանքը էժան չի լինի: Նա նախատեսում է արտադրել բարձրորակ մարիխուանա և վաճառել բավականին թանկ գնով, ինչպես օրինակ` թանկարժեք կոնյակը, բրենդին կամ սիգարը, որոնք սպառվում են համեմատաբար քիչ քանակությամբ:
Դեկտեմբերի 6-ից Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում կօրինականցվի մարիխուանայի իրացումը և գործածումը, 21 տարին բոլորած անձանց կթույլատրվի սահմանափակ քանակով մարիխուանա աճեցնել, գնել և օգտագործել: Օրինագծի ներկայացման համար կողմ են քվեարկել այդ նահանգի բնակիչների մեծ մասը: KIRO-TV-ն հաղորդում է, որ Վաշինգտոն նահանգը առաջիկա 5 տարիների ընթացքում մարիխուանայի արտադրության հարկերից կստանա 2 մլրդ դոլարի հասույթ:
Շայվլին Microsoft-ում աշխատել է 2003-ի օգոստոսից 2009-ի հուլիսը: Նա կորպորատիվ ռազմավարության մենեջերն է եղել: Ներկայում Շայվլին Findood.com ընկերության գործադիր տնօրենն է:










































