ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ անդրադարձել է ֆուտբոլում ազգային խտրականության դեմ պայքարի թեմային՝ հավաստիացնելով, որ ռասիզմի դեմ միշտ պայքար է մղվելու, և այդ պայքարը լինելու է ամեն գնով:
«Ժամանակ առ ժամանակ եվրոպական մարզադաշտերում տեղի ունեցող դեպքերը պատճառ են տալիս մտածելու, որ ազգային խտրականությունն արմատախիլ անել ֆուտբոլից ու այս կյանքից դեռևս տքնաջան աշխատանք է պահանջում, որի հանգուցալուծման վերջնակետը դեռ չի երևում: Այս կործանարար երևույթը շատ խոր արմատներ ունի:
Միայն ֆուտբոլով, իհարկե, անհնար է վերջ տալ այդ զազրելի արարքներին ու հանել ռասիզմը մարդկանց միջից: Մյուս կողմից՝ ֆուտբոլը հայտնի է ամենուր: Այդ հայտնիությունն այս մարզաձևին թույլ է տալիս ունենալ մեծ ազդեցություն ու իշխանություն, բայց և պատասխանատվություն, պատասխանատվություն այն հարցում, որ ֆուտբոլը պիտի փորձի դարձնել այս աշխարհը մի փոքր ավելի լավը:
Ինչպես բազմիցս է ասվել, ֆուտբոլն ավելին է, քան պարզապես սպորտ: Այն ցույց է տալիս թիմային ոգի, քրտնաջան աշխատանքի առաքինություն, հարգանք ու պատասխանատվություն:
Այսպիսի համատեքստ ունեցող մարզաձևում չի կարող տեղ լինել խտրականության համար, ցանկացած տեսակի խտրականության համար: Այդ իսկ պատճառով մենք միշտ ենք փորձելու պայքարել ռասիզմի դեմ, փորձելու ենք ամեն գնով»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Պլատինիի խոսքերը:








































