Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերազանց է անցկացնում նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը: Նա 3 ընկերական խաղերում խփել է 4 գոլ: Գերմանական Welt պարբերականն անդրադարձել է Հենրիխի խաղին:
«Առաջիկա մրցաշրջանում «Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ: «Օսնաբրյուկ»-ի հետ խաղում մրցակցի պաշտպաններն ուղղակի անկարող էին կասեցնել նրան: Դարպասից մոտ 30 մետր հեռավորության վրա նա ստացավ գնդակն ու առաջ սլացավ: Նա միայնակ շրջանցեց մրցակցի ողջ պաշտպանությունն ու դիպուկ հարված կատարեց դեպի դարպասի ձախ ստորին անկյունը, որը «Բորուսիա»-ին փրկեց պարտությունից:
Հենրիխի խաղը կարևորվում է ոչ միայն այդ 4 գոլերի շնորհիվ, այլև աչքի է ընկնում նրա հսկայածավալ աշխատանքը խաղադաշտում: Նման իրավիճակ էր նաև նախորդ նախամրցաշարջանային հավաքի ժամանակ, երբ ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերային ձեռքբերումն արդյունավետ էր գործում ստուգողական խաղերին ժամանակ:
Բայց նրան խանգարեց վնասվածքը, որի պատճառով Մխիթարյանը բաց թողեց նախամրցաշրջանային պատրաստության մնացած հատվածը, որից հետո նկատելիորեն երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ լավագույն մարզավիճակին:
Առաջիկա մրցաշրջանում Մխիթարյանի խաղից շատ բան է կախված լինելու: Նա պետք է լինի հարձակման «ուղեղը», գրոհների դիրիժորը, պետք է խաղը վերցնի իր վրա: Ակնհայտ է, որ մինչմրցաշրջանային այս հատվածում նա զգալիորեն աշխատել է իր վրա»,- գրում է պարբերականը:








































