Մադրիդի «Ռեալ»-ը «Մոնակո»-ի հետ համաձայնության է հասել` կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության շուրջ: Նշվում է, որ ակումբների ղեկավարները` Ֆլորենտինո Պերեսն ու Վադիմ Վասիլևը անձնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել:
Ֆալկաոն վարձավճարով հանդես կգա «Ռեալ»-ում, ինչի դիմաց «արքայական ակումբ»-ը 12 մլն եվրո կվճարի: Բացի այդ, իսպանական գրանդը ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա գնման իրավունքն է ստացել` 33 մլն եվրոյի դիմաց:
«Ռեալ»-ը դեռ չի ցանկացել գնել Ֆալկաոյի տրանսֆերը, քանի որ ցանկանում է վստահ լինել, որ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, ինչի պատճառով բաց է թողել աշխարհի 2014 թվականի առաջնությունը:










































