Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
«2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի տների և գրադարաններ ջեռուցման խնդիրը»,-նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:







































