Երկուշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպան Յոսի Գալին՝ բացատրություն տալու համար շրջափակված պաղեստինյան տարածքներում շուրջ 3 հազար բնակավայրեր կառուցելու իսրայելական ծրագրերի վերաբերյալ,- հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով Փարիզում Իսրայելի դեսպանատան իր աղբյուրին:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը պաշտոնապես դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը և նշել է, որ ԱԳՆ-ում քննարկվում են «դժգոհությունն արտահայտելու» միջոցները:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նույնպես կանչել է Լոնդոնում գտնվող Իսրայելի դեսպանին՝ բացատրություն տալու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են վճռական միջոցների դիմել և ետ կանչել իրենց դեսպաններին Իսրայելից՝ ի նշան ԱրևելյանԵրուսաղեմում նոր բնակավայրերի կառուցման դեմ բողոքի։








































