Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը դուրս է գրվել Սան Խոսե հիվանդանոցից կոնքի բարեհաջող վիրահատությունից հետո,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Բժիշկ Անխել Վիլյամորը հայտարարել է, որ հետվիրահատական բուժումը կշարունակվի առնվազն երկու շաբաթ, իսկ Սարսուելայի պալատի նստավայրի սահմաններից թագավորը դուրս գալ կարող է միայն հաջորդ տարվա սկզբին:
Թագավորական նստավայրում նշել են, որ Խուան Կարլոսը տառապում է ձախ կոնքի օստեոարթրոզով, իսկ վերջին ժամանակներս դա ուժեղ ցավեր էր պատճառում նրան և դժվարություններ էր ստեղծում տեղաշարժվելիս, այդ պատճառով անհրաժեշտ է եղել պրոթեզավորել կոնքը:
Նշենք, որ սա արդեն թագավորի կոնքի երկրորդ վիրահատությունն է այն բանից հետո, երբ գարնանը որսի ժամանակ նա վնասել էր կոնքը:









































