1959թ. այս օրը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը:
Արձանը քանդակել է նկարիչ-քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976) Երվանդ Քոչարը (1899-1979թթ.): Նրա ստեղծագործական կյանքի վրա ազդեցություն ունեցավ խռուշչովյան «ձնհալը»: Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
1984թ. Երևանում բացված Երվանդ Քոչարի թանգարանում արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել քանդակագործի ստեղծագործական ուղու մասին: Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի Տարածական նկարները:
Քոչարի արվեստն իր մեջ ներառում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես նաև ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական հիմքի վրա։








































