Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արտեմ Գասպարյանի գործի դատական քննությունը:
36-ամյա Արտեմ Գասպարյանի արարքներից 2010-2012 թվականներին տուժել էին հիմնականում կանայք: Վերջիններս Արտեմին սիրել ու վստահել էին հենց առաջին հայացքից: Եվ իրենց դյուրահավատության համար «վճարել էին» սեփական ոսկեղենով, դրամով, գույքով:
Արտեմը թերթերում հրապարակված հայտարարությունների միջոցով ծանոթացել էր կանանց հետ, ներկայացել տարբեր անուններով, իրեն մատուցել որպես ամուսնանալու լուրջ մտադրություն ունեցող պարկեշտ երիտասարդ:
Տեսնելով, որ զոհը խայծը կուլ է տվել, հափշտակության տարբեր եղանակներ գործի դնելով՝ Արտեմը հենց առաջին հանդիպման ժամանակ կարողացել էր ոմանցից հափշտակել թանկարժեք զարդերն ու անհետանալ: Ոմանց հետ կապվել էր փաստական ամուսնական կապով, ապրել էր այդ կանանց հաշվին ու աստիճանաբար «ցամաքեցրել» նրանց զարդատուփերի, գրպանների, ինչու չէ, նաև՝ հոգու պարունակությունը:
Ազնիվ անունով կնոջն ամուսնանալու խոստումներ տալով՝ լիովին գցել էր իր ենթակայության տակ, հոգեբանական, հետագայում նաև ֆիզիկական հարկադրանք կիրառելով, մինչև անգամ ինքնասպանության փորձի հասցնելով, վախի մթնոլորտ ձևավորելով՝ ըստ մեղադրանքի՝ նրան դրել ու պահել էր ստրկական վիճակում, ենթարկել սեռական շահագործման, պարտադրել էր իրացնել հուշանվեր ռուբլիներ:
Դատաքննության ողջ ընթացքում դատարանի դահլիճում նստած, տուժողների ու վկաների մեղադրող ու մերկացնող ցուցմունքները լսելով՝ տնքում ու տառապում էին Արտեմի տարեց ծնողները: Ամրակազմ որդին պիտի որ արդեն հենարան լիներ, զավակի ջերմություն տար նրանց, սակայն նստած էր ամբաստանյալի աթոռին ու մեղադրվում էր մի շարք ծանր հանցագործությունների համար:
Արտեմը երեք դրվագով իրեն մեղավոր էր ճանաչում, իսկ սեռական շահագործման ենթարկելու, հուշանվեր ռուբլիների իրացման, հափշտակություն կատարելու որոշ դրվագներով հայտարարում էր, թե անմեղ է:
Կանանց սիրելին իր արարքներից տուժած, ոսկեղեն, գույք, հավատ ու ժամանակ կորցրած կանանց մասին ու նրանց հետ խոսում էր արհամարհանքով և հեգնանքով:
Արտեմ Գասպարյանի ալֆոնսական հանցարշավի գործում կանայք էլ իրենց «ներդրումն» էին կատարել՝ կուրորեն ենթարկվելով առաջին իսկ պատահած անծանոթ տղամարդուն, նրա ոտքերի տակ նետելով իրենց գոհարեղենը, զգացմունքները, կյանքը:
Այս գործն ի ցույց հանեց շուտափույթ ամուսնանալու՝ ժամանակակից հայ կանանց որոշակի շերտի գլխապատառ պատրաստակամությունը, անհայտ մեկի հետ ամուսնանալու՝ չարդարացված շտապողականությունը, անմռունչ հնազանդությամբ ստրկության վիճակի մեջ ընկնելու, այդ վիճակին դիմանալու դժբախտացնող կարողությունը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը Արտեմ Գասպարյանին մեղսագրված բոլոր հանցանքները հաստատված համարեց ու միջնորդեց, որ նա դատապարտվի 11 տարի ազատազրկման:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արշակ Վարդանյանի նախագահությամբ բոլոր հանցադրվագներով մեղավոր ճանաչեց Արտեմ Գասպարյանին ու դատապարտեց 9 տարի 6 ամիս ազատազրկման:
Գասպարյանի շահերի պաշտպանն այն կարծիքին է, որ տուժող Ա.-ին ստրկության վիճակում պահելու, սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև հուշանվեր ռուբլիներ իրացնելու դրվագներով մեղադրանքներն ապացուցված չեն, և ինքն ամենայն հավանականությամբ կբողոքարկի կայացված դատավճիռը:









































