Կյուրասաո կղզում հանցագործները կառանված նավից ընդհանուր $11,5 մլն արժեքով ոսկու 70 ձուլակտոր են գողացել, հայտնում է Life News Online-ը:
Թալանը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի առավոտյան: Ոստիկանական համազգեստով 6 անհայտ անձ ներթափանցել են Summerbliss ձկնորսական նավի տախտակամած: Նավապետի գլխին հարվածելով` հանցագործները հաշված րոպեների ընթացքում նավից 216 կգ քաշով ոսկու 70 ձուլակտոր են գողացել: Այնուհետև գողոնը բարձել են 3 մարդատար ավտոմեքենա և անհայտ ուղղությամբ փախել դեպքի վայրից:
Հանցագործներին սխալմամբ են թույլատրել նավ բարձրանալ. նրանց հագուստը ոստիկանական համազգեստ է հիշեցրել: Տարբերությունը եղել է «ոստիկանություն» գրությունը. գողերի հագուստների թիկունքին բառը գրված է եղել անգլերեն` Police, այնինչ Կյուրասաոյում գրություններն արվում են միայն տեղի պապյամենտո լեզվով, «ոստիկանություն» գրվում է այսպես` Polis:
Հանցագործներին բռնել չի հաջողվել: Ոստիկանությունը հրաժարվում է որևէ տեղեկություն տալ գողացված ձուլակտորների և դրանց տիրոջ մասին:
Նավի անձնակազմի անդամներից մեկը` Ռեյմոնդ Էմմանուելը, լրագրողներին պատմել է, որ ոսկին նախատեսված է եղել Կյուրասաոյի մասնավոր ընկերություններից մեկի համար, որի անունը հայտնի է միայն նավապետին:









































