Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76 բեռնատար օդանավի հրամանատարի անունը Վարազդատ Բալասանյան է: Մյուս զոհերի ինքնությունը ճշտվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հաստատելով տեղեկությունը, որ վթարի հետևանքով զոհված 5 օդաչուները ՀՀ քաղաքացիներ են: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի տեղեկություններով` նրանք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Մանրամասները ճշտվում են:
Trans Air Congo բեռնափոխադրող ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով. օդանավի թևն ընկել է և այն բախվել է բնակելի տներին:
Նախնական տեղեկություններով` զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Աղետից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է: Վթարի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները և ոստիկանությունը:











































