Գալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների կողմից որդեգրվող կարգախոսները պետք է համապատասխանեն հասարակական տրամադրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանական գիտությունների դոցենտ Սամվել Խուդոյանը՝ խոսելով «հաջողակ» կարգախոսների մասին:
Ըստ հոգեբանի՝ դա պայմանավորված է նրանով, որ կարգախոսը պետք է արտահայտի հասարակության տրամադրությունը, թե այսօր հասարակությունը որ երևույթների նկատմամբ է բացասական վերաբերմունք ցուցաբերում: Ըստ հոգեբանի՝ այսօր ամենաառաջին նման գործոնը երկրում տիրող անարդարությունն է, որը վերացնելու, երկրում արդարություն վերականգնելու մասին կարգախոսը կարող է աշխատող լինել: Սակայն, Սամվել Խուդոյանի համոզմամբ, մեծ նշանակություն ունի նաև այն, թե ով պետք է ասի այդ կարգախոսը:
«Հիմնականում երկրում անարդարությունները վերացնելու շեշտադրմամբ կարգախոսները կարող են վստահություն ներշնչել հասարակությանը, այդպիսի կարգախոսները լավ կաշխատեն, բայց կաշխատեն այն քաղաքական գործչի մոտ, ով իրեն չի վարկաբեկել հասարակության աչքում, իսկ ես չեմ տեսնում այդպիսի մեկին»,- նկատեց Սամվել Խուդոյանը:
Հարցին, թե ո՞ր կուսակցությունների թեկնածուների դեպքում նման կարգախոսներն աշխատող կլինեն՝ հոգեբանն ասաց, որ, օրինակ, Դաշնակցությունը հայտնի է, որպես ծայրահեղական կուսակցություն, ուստի, նրա համոզմամբ, հասարակությունը երբեք ծայրահեղական կուսակցության ներկայացուցչին չի ընտրում՝ ինչ կարգախոս էլ որ որդեգրի:
Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ Ս.Խուդոյանն ասաց, որ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը կարող էր ինչ–որ տեղ վստահություն ներշնչել, եթե նրա հետ կապված քրեական գործ չլիներ, և նա առաջադրվեր։ Նույնը Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում, թեև Բաքվում տեղի ունեցածն իր օգտին չէր:
«Գագիկ Ծառուկյանը նախագահի իմիջ չունի: Ես կարծում եմ, որ ինքն այնքան խելացի է, որ չի առաջադրվի։ Նա կարող է լինել կուսակցության ղեկավար, բայց չի համապատասխանում երկրի ղեկավարի իմիջին: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չի կարող հաջողություն ունենալ»,- իր խոսքը եզրափակեց Սամվել Խուդոյանը:










































