Չորրորդ տարին շարունակ Ամանում գտնվող իսլամական և ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակում է աշխարհի 500 ամենաազդեցիկ մահմեդական գործիչների ցանկը: Այս մասին հաղորդում է ajib.fr ֆրանսալեզու տեղեկատվական կայքը:
Ամենամյա հետազոտությունը սկսվում է ամենաազդեցիկ մահմեդական գործիչների թոփ 50-ից, որոնք մեծ մասամբ քաղաքական առաջնորդներ են: Հաջորդ 450 անունը տեղաբաշխվում է 15 ցուցանիշներով. կրոն, բիզնես, սպորտ, արվեստ և մշակույթ, գիտություն և տեխնիկա, ԶԼՄ-ներ, բարեգործություն և Ղուրանի ընթերցանություն:
Վարկանշային ցանկի առաջին տասնյակում առաջատար են հայտնի մահմեդական քաղաքական և կրոնական գործիչները: Երկրորդ տարին շարունակ մահեմդական աշխարհի 500 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, նրան հաջորդում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երրորդ տեղում է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդը:
Ներկայիս վարկանշային աղյուսակի առաջին տասնյակի մեջ են մտել նաև այնպիսի մահմեդական քաղաքական և կրոնական գործիչներ, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական կազմակերպության առաջնորդ Մուհամմեդ Բադին, Քաթարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդխոյոնոն, Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին:










































