Այսօր` քառօրյայի վերջին օրը, ԱԺ կանոնադրության համաձայն ԱԺ պատգամավորները պիտի հանդես գան հայտարարություններով:
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հայտարարությունները կատարեցին ոչ թե ԱԺ-ից, այլ Ազատության հրապարակից` ի նշան զորակցության այն բողոքի, որն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արմեն Մարտիրոսյանը ելույթը նվիրեց Ընտրական օրենսգրքին, մյուս բոլոր պատգամավորները խոսեցին երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից: Ստեփան Սաֆարյանը ևս մեկ անգամ ընթերցեց «Ժառանգության» ընդլայնված նիստում ընդունված որոշումը, որպեսզի բոլորը հասկանան բողոքի ուղերձը:
«Փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրով ամփոփվեցին 2012թ.-ի խորհրդարանական և 2013թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Այս հեռանկարի դեմ է քաղաքական ընդվզում ու ահազանգ հնչեցնում Րաֆֆի Հովհաննիսյանը»,- իր ելույթում նշեց Սաֆարյանը:
Դիմելով նրանց, ովքեր զորակցություն չեն հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին` Սաֆարյանն ասաց. «Ոչ մի Աստվածաշունչ, ոչ մի մատենագիր չի փրկի նրանց, քանի որ այսօր արդարանալու ու բացատրություն տալու օրեր չեն, այլ հասարակության պայքարող հատվածներին կամրջելու, անհապաղ գործելու օրեր են: Եթե այսօր չփրկվենք, ապա վաղը ուշ է լինելու»: