Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցի պլանավորումը.
«Իվանիշվիլիի ամերիկյան այցի հետ կապված՝ գոյություն ունի հետևյալ հարցը. ե՞րբ նա կգա Վաշինգտոն: Երբ նա գա այստեղ, ապա կլինի Սպիտակ տան հյուրը: Նա հրապարակավ հայտարարել է, որ պլանավորել է մոտ ժամանակներս այցելել ԱՄՆ»:
Նուլանդը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հանդիպման արդյունքները. «Պետքարտուղարն առաջին անգամ է հանդիպել Պանջիկիձեի հետ: ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ժողովրդավարացմանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Սակայն այդ համատեքստում մենք համառորեն պահանջում ենք, որ պաշտպանված լինեն ժողովրդավարական ինստիտուտները և հատկապես օրենքի գերակայությունը: Ձերբակալությունները չպետք է ունենան որևէ քաղաքական դրդապատճառ»:










































