Հանրային խորհրդի 12-րդ լիագումար նիստում այսօր քննարկում էին 4 հարց, որոնք վերաբերում էին Երևան քաղաքի էկոլոգիական պաշտպանությանը, քաղաքաշինության խնդիրներին, մեր քաղաքային տրանսպորտի արդիականացմանը, բազմաբնակարան շենքերին և Երևանի բնակչությանը թարմ և մատչելի գյուղմթերքով ապահովելու հարցերին:
Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Օրակարգում ընդգրկված էին 4 հարցերի վերաբերյալ զեկույցները: Կարեն Կարապետյանը նշեց, որ այսօրվա քաղաքապետարանի «թիմի» խաղի կանոնները անմիջական առնչություն ունեն բարձրացված հարցերի հետ:
«Մենք համոզված ենք, որ այն գործառույթները, որոնք առնչվում են քաղաքի և քաղաքային տնտեսության հետ և ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարեն մասնավոր կառավարիչները, որովհետև պետության մունիցիպալ իշխանությունը այդ բնագավառները օբյեկտիվ չի կառավարում»:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այսօր պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որ լուծի բարձրացված բոլոր հարցերը: Նա նշեց, որ խոսքը մասնավորապես վերաբերում է պետական բյուջեին: «Ամբողջ հանրապետության կտրվածքով այսօր գոյություն ունեցող շենքերի գույքագրումը իրականացնելու համար պահանջվում է առնվազն 5 միլիարդ դրամ, ինչի հնարավորությունը բյուջեն չունի, և այդ դեպքում պետք է առաջնորդվել խնդիրների նպատակահարմարությամբ, այսինքն՝ այդ 5 միլիարդով տանիքնե՞րը վերանորոգենք, վերելակնե՞րը, թե՞ լուծենք այլ խնդիրներ:
Սահմանափակ ռեսուրսների պայմաններում միշտ առաջանում է նպատակահարմարության հարցը:
Արմեն Գևորգյանը խորհուրդ տվեց «ռիսկով ու դուխով քայլեր կատարել եղած հարցերի լուծման համար, հակառակ դեպքում դոփելու ենք տեղում»: