Հինգշաբթի Դասմակոսի մոտակայքում փոխհրաձգության տակ հայտնվելու հետևանքով ՄԱԿ-ի տարանջատման վերահսկման ուժերի 4 աշխատակից է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն, խաղաղապահները պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո իրենց համածառայակիցների հետ ուղևորվում էին մայրաքաղաքի միջազգային օդանավակայան:
Չնայած միջադեպին, խաղաղապահների ողջ շարասյունը կարողացել է օդանավակայան հասնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է արտահայտնել միջադեպի առնչությամբ, ինչպես նաև Սիրիայում իրադարձությունների ընդհանուր զարգացման վերաբերյալ:
«Այսօրվա միջադեպը ակնհայտ ցույց է տալիս, որ սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև շարունակվող բախումները ազդում են Տարանջատման վերահսկման ուժերի աշխատանքի վրա և լուրջ սպառնալիք ներկայացնում ՄԱԿ-ի անձնակազմին»,- ասել է Նեսիրկեն:
Տարանջատման վերահսկման ուժերը Գոլանի բարձունքներում էին տեղակայվել 1974 թվականին, այն բանից հետո, երբ համաձայնություն ձեռք բերվեց իսրայելայն և սիրիական ուժերի տարանջատման վերաբերյալ:








































