Այսօր Գաֆէսճեան կենտրոնում կբացվի Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացրել էր «Հայկական ժամանակ»-ը, գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵժԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ ԵժԿ գագաթնաժողովին կմասնակցի նաև Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Ըստ ՀՀԿ փոխնախագահի, գագաթնաժողովին մասնակցում են միայն այն երկրները, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխանություն են: Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:
Սպասվում է, որ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ: «Մենք կարևորում ենք այս գագաթնաժողովը: Այն լրացուցիչ հնարավորություն է` առաջ տանել մեր երկրի պետական շահերը` հատկապես արտաքին հարաբերություններում, ներպետական բարեփոխումների շարունակականության, տնտեսական զարգացման համար: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Արևելյան գործընկերությանը առնչվող մի շարք հարցեր»,- ասել է Աշոտյանը:
Ըստ «ՀԺ»-ի` իրականում, սույն գագաթնաժողովը, որը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության և ԵԺԿ-ի նախաձեռնությամբ առաջիկա նախագահական ընտրություններից աոաջ PR ակցիա է Սերժ Սարգսյանի համար: Վերջինս փորձել группа поддержки բերել Եվրոպայից: ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների առաջին գագաթնաժողովը, թերևս, նույն տրամաբանությամբ անցկացվեց այս տարվա հուլիսին` Բաթումիում: Դրանից երեք ամիս անց Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ այդ երկրում իշխող ԵԺԿ անդամ «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը պարտություն կրեց: Այնպես որ, ԵԺԿ-ականների ոտքը կարծես թե այնքան էլ «խերով չէ»:
Մյուս կողմից, սակայն, կատարյալ մեկուսացման մեջ գտնվող Սերժ Սարգսյանին, որը պետական, պաշտոնական և աշխատանքային այցեր այս կամ այն երկիր` կատարում է հազարից մեկ, անհրաժեշտ է իր շուրջը` գոնե արտաքուստ աշխուժության պատրանք ստեղծել: Հենց այս նպատակն ունեին այս օրերին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, ՈԴ Դաշնային ժողովի անդամ Նիկոլայ Ռիժկովի այցերը: Սակայն, «կարևորագույն» այցը դեռ առջևում է. ա՛յ, եթե հաջողվի Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էլ ընդունել, մի երկու կադր էլ նկարվել… Այս ուղղությամբ ջանքերը, ինչպես պարզվեց երեկ, դեռ գործադրվում են:





































