«Ներկայումս աշխատաշուկան չի կարող հանդիսանալ կրթության համապատասխանեցման ազդակը, քանի որ այն իր հմտությունների պահանջներով զիջում է բուհի առաջարկած վերջնարդյունքներին»,- ասաց փորձագետ Նվարդ Մանասյանը՝ հանդես գալով «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի քաղաքականության հետազոտությունների նախաձեռնության շրջանակներում «Գիտելիքահեն տնտեսությունը և բարձրագույն կրթության բարեփոխումները» թեմայով քննարկմանը:
Ն. Մանասյանը իրականացրել է հետազոտություն՝ «ԵՊՀ շրջանավարտներն ու շուկան. բարձրագույն կրթության համապատասխանեցումը շուկայի պահանջներին» թեմայով: Նրա խոսքերով՝ ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի երկրների, որտեղ հիմնականում պահանջարկված են համարվում մեթոդական հմտությունները, մեզ մոտ ավելի հաճախ ընդհանրական հմտությունների վրա են շեշտադրում անում, և հաճախ բողոքները դրան են վերաբերում:
Փորձագետն ուսումնասիրության ընթացքում գործատուների երկու խումբ է հետազոտել. մեկը գործատուների «էլիտ» խումբն է, որը փոխկապակցված է արևմտյան կառույցների հետ, աշխատանքային այլ կուլտուրա և պահանջարկ ունի: Մյուսն ընդհանուր գործատուների միջինացված պատկերն է. նրանք շատ պահանջներ չունեն, ուստի գործատուի պահանջների շատ ցածր նշաձող է սահմանված:
«Բուհական կրթության կապն աշխատաշուկայի հետ. համագործակցային կրթության ինտեգրված մոդելի մշակման անհրաժեշտությունը և նախադրյալները» թեմայով համատեղ հետազոտություն են իրականացրել փորձագետներ Լիլիթ Շաքարյանը և Աննա Փոխսրարյանը:
Լիլիթ Շաքարյանը նկատեց, որ հետազոտության արդյունքում բացահայտել են, որ կա տարանջատում բուհի և աշխատաշուկայի միջև: Բացի այդ, բուհի տված գիտելիքներն այսօր այնքան էլ չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, որովհետև բուհում առավելապես կենտրոնանում են տեսական գիտելիքների վրա, իսկ աշխատաշուկան այսօր ավելի շատ պրակտիկ հմտություններ է պահանջում:
Փորձագետ Արևիկ Անափիոսյանն էլ հետազոտել է «Քննադատական մտածողություն ձևավորող կրթությունը որպես կանխակալ մտածողության արդյունքում ծագած հակասությունների կարգավորման գրավական» թեման:
Ըստ նրա՝ բարձրագույն կրթությունը պետք է կարողանա վերափոխել կամ զարգացնել ուսանողի իմացական ընկալումը: Հետազոտության տվյալներով՝ աշխատաշուկա և կրթություն կապը համակարգային ապահովելու տեսակետից խիստ կարևոր է կրթության որակի ապահովումը շեշտադրել իր որոշակի կետերով, ստուգելու, թե որքանով է տվյալ բուհը որակյալ կրթություն մատուցում, և այստեղ խիստ կարևոր է շեշտադրել կապը աշխատաշուկայի և բուհի մասնագիտական ասոցիացիաների միջոցով:
Նա կարևոր խոչընդոտ է համարել քննադատական մտածողության բացակայությունը. ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փոքր թիվ են կազմում քննադատական մտածող ուսանողները: Քննադատական մտածողության ձևավորումը, ըստ Արևիկ Անափիոսյանի, պետք է լինի ՀՀ բարձրագույն կրթության նպատակ, մինչդեռ մեր կրթական համակարգը չի նպաստում քննադատական մտածողության զարգացմանը:
Նա առաջարկում է ներդնել քննադատական մտածողության զարգացմանը միտված դասընթացի կազմակերպման մոդել:








































