Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Սասուն Սանդրոսյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքը:
26-ամյա անհատ ձեռներեց Սասուն Սանդրոսյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ 2011 թվականի դեկտեմբերին և 2012 թվականի հունիսին, վարձակալելով Եղեգնաձորի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում գտնվող բաղնիքների և ցնցուղարանների համար նախատեսված հաստատությունը, ասել կուզի՝ սաունան, պարբերաբար այն տրամադրել է երկու և ավելի կանանց, որոնք հաճախորդներից վերցրած դրամական վարձատրության դիմաց այնտեղ զբաղվել են պոռնկությամբ: Նույնը անհատ ձեռներեց Սանդրոսյանը արել է նաև 2012 թվականի հունվարից մինչև մարտի վերջ իր կողմից վարձակալած՝ «Աղավնաձորի շուկա» կոչվող վայրում գտնվող «Նոյ» անվանումով բաղնիքների և ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունում՝ սաունայում, և հարակից հյուրանոցում:
Ըստ մեղադրանքի՝ Սանդրոսյանը պոռնկությամբ զբաղվող կանանց միջոցով դեպի իր վարձակալած հաստատություններն է գրավել հաճախորդների, նրանց տրամադրել սաունայի ու հյուրանոցի ծառայություններ, կազմակերպել առևտուր: Մեղադրանքի մեխը կազմող հանգամանքն այն է, որ վերը հիշատակված գործողություններով անհատ ձեռներեցը ստացել է գույքային օգուտ: Կոնկրետ օգուտի չափը նախաքննական մարմնի կողմից հաշվարկված չէ:
Սանդրոսյանի վարձակալած «հանրային» հաստատությունում մարմնավաճառությամբ զբաղվել են Խոսրանուշը, Անուշը, Սաթիկը, Զվարթը, Լալան, Սյուզաննան: Վեց մարմնավաճառի համար «աշխատելու պայմաններ» ապահովելով՝ անհատ ձեռներեց Սանդրոսյանը վեցակի նպաստ է ունեցել պոռնկության գործի «բարգավաճման» համար: Թվարկված հայուհիների մեկ «սեանսը» հաճախորդի հետ արժեցել է հինգ հազար դրամ: Սանդրոսյանն այդ գումարից բաժին չի պահանջել, նրա «շահը» եղել է հաճախորդներին սաունա ու հյուրանոցային սենյակ տրամադրելը և տարբեր ապրանքներ վաճառելը:
Ըստ նախաքննական մարմնի՝ Սասուն Սանդրոսյանը նպաստել է մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն և դրա միջոցով ստացել է անհայտ չափի գույքային օգուտ: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Սանդրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հունիսի 28-ին:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Սանդրոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը դատավճիռը հրապարակել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին: Դատարանը հաշվի է առել, որ Սանդրոսյանը նախկինում չի դատապարտվել, դրական է բնութագրվում, խնամքին 4 անձ ունի. 2011 թվականի օգոստոսին ծնվել է նրա երեխան, խնամքին են նաև վատառողջ ծնողներն ու երեխայի խնամքով զբաղված կինը:
Կատարված հանցագործության համար արագացված ընթացակարգով դատաքննության պայմաններում Սանդրոսյանի պատիժը չէր կարող գերազանցել 4 տարի ազատազրկումը:
Դատարանը Սասուն Սանդրոսյանին մեղավոր է ճանաչել, եզրակացրել, որ կատարածի համար նա պետք է ազատազրկման ձևով իրական պատիժ կրի: Սանդրոսյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու: Դատավճռով տնօրինվել են իրեղեն ապացույցները, այդ թվում՝ որոշվել է նաև առգրավված 11 պահպանակները ոչնչացնել դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և միջնորդել է Սանդրոսյանի նկատմամբ կիրառել քրեական օրենսգրքի 70 հոդվածով նախատեսված պայմանական դատապարտություն՝ հաշվի առնելով ամբաստանյալի անձը, ընտանեկան վիճակը, այն, որ ընտանիքի միակ կերակրողն է, գիտակցել է կատարածը և անկեղծորեն զղջում է:
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվում է նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի, դատավորներ Կարինե Ղազարյանի և Հենրիկ Տեր-Ադամյանի կողմից:
Ամբաստանյալ Սանդրոսյանը վերաքննիչ դատարանում խնդրեց իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, պատճառաբանեց, թե չի հասկացել, որ իր կատարածը հանցագործություն է: Ինքը մարմնավաճառներից գումար չի վերցրել, պարզապես հաճախորդ ունենալու՝ ստեղծված հնարավորությունից ու «բարենպաստ» հանգամանքից օգտվել է, վերցրել միայն սաունայի ժամավարձը, ինչպես նաև իրացրել է գարեջուր, հյութեր, սուրճ, հազվադեպ՝ ուտելիք: Այցելուները մեծ ծախսեր չեն արել, «համեստ պահանջներ» են ունեցել: Ինքը սաունաները վարձակալել ու աշխատեցրել է, որպեսզի ընտանիքը պահի:
Մեղադրողը առարկեց բողոքի դեմ: Նա նշեց, որ իրենց տարածաշրջանում սաունաները, չգիտես թե ինչու, վերածվել են պոռնկատների, և իրենք արդեն վճռականորեն պայքարում են այդ երևույթի դեմ: Պոռնկությանը սաունաների շահագործումով նպաստելու համար երեք հոգու դատի են տվել, իսկ ոչ տեղացի մարմնավաճառները թողել-հեռացել են Եղեգնաձորից: «Բանն այնտեղ է հասել, որ հիմա սաունա մտնողը չի հարցնում՝ ջուր կա՞, հարցնում են՝ աղջիկ կա՞»,- ասաց մեղադրողը: Նա ներքին համոզմունքով խոսեց սաունաները պոռնկատներից նորմեկեն մարմնամաքրության վայր վերածելու անհրաժեշտության մասին, որպեսզի պոռնկության չարիքը այդ «հանրային հաստատությունների» միջոցով ևս չտարածվի:
Հայաստանյան մեկ տարածաշրջանում սաունաների սասանված համբավը «վերականգնելը» հիշեցնում է Դոն Կիխոտի կռիվը հողմաղացների դեմ, քանզի այդ «հանրային հաստատությունները», ինչպես նաև բաղնիք, հյուրանոց, հոթել, մոթել և այլակերպ զանազան անուններով բազում «հանրային» հաստատությունները հիմա ոչ միայն աչքից հեռու վայրերում, այլև մայրաքաղաքի սրտում շքեղորեն տարածվում ու անկաշկանդ «նպաստում են» մարմնավաճառությամբ զբաղվողների գործի ծաղկմանը: Գոնե սաունայում կամ բաղնիքում լողանալու, մարմինը մաքրելու հնարավորություն էլ է ընձեռվում, դա էլ իր «դրական» կողմն ունի, ստացվում է:
Եթե հասարակության մեջ հայտնի են վայրերը, որտեղ կանգնում ու իրենց ծառայություններն են առաջարկում մարմնավաճառները, ուրեմն կան նաև «հանրային հաստատություններ», որտեղ այդ ծառայությունները տրամադրվում են հաճախորդներին: Եվ հարցի լուծումը հինգ հազար դրամով իրենց մարմինը վաճառող մարմնավաճառներին սաունա թողնող սանդրոսյաններին ազատազրկելը չէ, երևի: Նույնիսկ անհարմար է եղել այս խեղճի ստացած «գույքային օգուտը» հաշվարկել: Պոռնկությանը շատ լայն մասշտաբներով նպաստողները, չգիտես թե ինչու, չեն հայտնաբերվում:
Նախագահողը ամբաստանյալին հարցրեց, թե բացի վերոհիշյալ գործունեությունից, հանօգուտ որևէ աշխատանքով չի՞ զբաղվել: Սանդրոսյանը համեստորեն պատասխանեց՝ ոչ: «Չե՞ս աշխատել ընդհանրապես»,- փոքր-ինչ հիասթափված հարցրեց դատավորը: «Շինարարությունում եմ աշխատել»,- տատանվելով պատասխանեց Սանդրոսյանը: «Հանրօգուտը» նա հասկացել էր «պոռնկությանը նպաստողի նման մի բան», դրա համար էլ շինարարության ոլորտում կատարած աշխատանքը դժվարանում էր դասակարգել այդ շարքին:
Սասուն Սանդրոսյանը նաև ծառայել էր բանակում, ինչի վերաբերյալ փաստաթուղթ չկար գործում, թերի էին անձը բնութագրող փաստաթղթերը, որոնք կարևոր են՝ պատժի մեղմացման առումով բերված վերաքննիչ բողոքի քննության համար:
Պաշտպանը միջնորդեց ժամանակ տրամադրել՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար: Մեղադրողն այն կարծիքին էր, որ գործում եղած փաստաթղթերն էլ քիչ չեն՝ բողոքը մերժելու համար:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և բողոքի քննությունը հետաձգեց:










































