ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար։ Նկատողություն է հայտարարվել նաև Գրիշա Միքայելյանին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ աշխատելու ժամանակահատվածում դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է.Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում և ազատվել է աշխատանքից։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մի քանի այլ դատախազների կողմից քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում, ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի հիման վրա ուսումնասիրությունները շարունակվում են։







































