Հայաստանը բավական յուրահատուկ է պատրաստվում Երևանում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության վեհաժողովին: Այդ Վեհաժողովի համար Հայաստան են ժամանելու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն, ԵԺԿ նախագահ Մարթենսը, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, եվրոպական քաղաքականության այլ առաջատար և հայտնի դեմքեր:
Իսկ Երևանը նրանցից առաջ ընդունում է համաշխարհային «օդիոզ» պետություններից մեկի՝ Թուրքմենստանի նախագահին, նաև ֆուտբոլի ֆեդերացիայի մակարդակով հայտարարում, որ համաձայն է ԱՊՀ, նույնն է թե` ԽՍՀՄ առաջնությունների անցկացմանը, որի գաղափարը Պուտինի գործիքներից ամենաառանցքայինը համարվող «Գազպրոմ»-ինն է: Դրանից առաջ էլ Հայաստանը Տիգրան Սարգսյանի շուրթերով ակնարկել էր ԱՊՀ միասնական ռուբլու գաղափարին կողմ լինելու մասին:
Պաշտոնական Երևանը ամբողջ ուժով փորձեց Մոսկվային ցույց տալ, որ Եվրամիության կարևոր միջոցառումն ու նշանակալի դեմքերի ժամանումը ամենևին Ռուսաստանի դեմ ուղղված հերթական գործողություն չէ:
Իսկ ինչ կմտածի այս կապակցությամբ Եվրոպան, որ Հայաստանից լսում է եվրաինտեգրացիայի հավաստիացումներ, բայց տեսնում լրիվ հակառակ ուղղությամբ ռևերանսներ Ռուսաստանի և ընդհանրապես խորհրդային անցյալի ուղղությամբ:
Առայժմ Եվրոպան կարծես թե համբերատար է վերաբերվում Հայաստանի այդ երկվությանը կամ լարախաղացությանը՝ խնդիրը տեղափոխելով պարզապես չոր հաշվարկի հարթություն. կանեք բարեփոխումներ` կստանաք փող, չեք անի` փող չեք ստանա: Այսինքն` Եվրոպան որոշել է փողը ջուրը չգցել, և եթե Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խորհրդա-ռուսական կուրսին, ապա այդ դեպքում թող հենց Ռուսաստանն էլ պահի Հայաստանը:
Սակայն երբ Եվրոպան ձեռք քաշի Հայաստանից, այսինքն` ամբիցիոզ ծրագրեր չունենա Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանի համար կդադարի Հայաստանը պահելու մոտիվացիան, և ընդամենը Հայաստանը որպես տարածք պահելու խնդիր կլինի: Այսինքն` էական է, թե արդյոք Եվրամիությունն այստեղ ունի՞ ռազմավարական հետաքրքրություններ, կամ պետությունները, որոնք Եվրամիությունում ունեն ազդեցություն` ազդեցիկ դերակատարում և ձայն:
Եթե Հարավային Կովկասը Եվրոպայի համար կարևոր տարածք է, ապա այստեղ ուղղակի ռազմավարական բացթողում կարող է լինել ամբիցիոզ ծրագրերից հրաժարվելն ու ամեն ինչ ընդամենը առևտրային սկզբունքների վրա դիտարկելը:
Իհարկե, Հայաստանի իշխանական համակարգի համար սա փոխհարաբերությունների լավագույն ռեժիմն է. առանց քաղաքական պարտավորությունների առաջնայնության՝ ըստ հնարավորության կամ հարմարության, կարվեն բարեփոխումներ, որոնք «կվճարվեն» Եվրամիության կողմից: Սակայն այս քաղաքականությունը անհեռանկար է Հայաստանի հասարակության և Եվրամիության համար: Սրա մեջ չկա որևէ ռազմավարական բան, մինչդեռ հայ-եվրոպական հարաբերությունը կենսունակ կարող է լինել միայն ռազմավարական հեռանկարների առկայության և դրանց սպասարկման գործնական մեխանիզմների պարագայում:
Հայաստանի հասարակությունը էապես շահագրգռված է, որ Եվրոպան այս ուղղությամբ շատ ավելի հավակնոտ գտնվի և որպես գործընկեր առաջինը դիտարկի հենց քաղաքացիական ակտիվ հանրույթին, հետո նոր իշխանությանը:








































